Ամսագիր Ապրիլ 2015 Զրոյից նոր կյանք

15 Ապրիլ 2015, 09:26
2540 |

Զրոյից նոր կյանք

2011 թվականի մարտի 15-ին սկսվեց սիրիական պատերազմը: Հակամարտությունը մինչ օրս չի դադարել, իսկ մարդիկ շարունակում են թողնել ամեն ինչ ու հեռանալ իրենց տներից՝ միայն թե փրկվեն: Այս չորս տարիների ընթացքում բազմաթիվ սիրիահայեր իրենց փրկությունը գտան Հայաստանում: «Երևանը» զրուցել է մեր կողքին բնակվող սիրիահայերի հետ պատերազմից փախչելու, զրոյից նոր կյանք սկսելու, առօրյա դժվարությունների և հեռանկարների մասին:

Գայձակ Ջաբաղջուրյան, խոհարար
2012 թվականին որոշեցի առաջին անգամ հայրենիք գալ ու այստեղ անցկացնել ամառային արձակուրդներս: 15 օրով եկա ու մնացի: Պատերազմական իրավիճակը այնքան խորացավ, որ վերադառնալն անհնար էր: Մոտ երկու շաբաթ անց ընտանիքս՝ ծնողներս ու քույրս ևս Երևան եկան: Հորս հետ որոշեցինք, որ պիտի աշխատանք գտնենք: Մի քանի բան փորձելուց հետո Խորենացու վրա բացեցինք մեր սրճարանը՝ լահմաջո, պիցաներ և այլ համեղ ուտեստներ էինք մատուցում: Տարածքը փոքր էր ու տեղափոխվեցինք արդեն Հանրապետության հրապարակի մետրոյի հարևանությամբ գտնվող տարածք: Ընդլայնեցինք նաև սրճարանում մատուցվող ուտեստների ցանկը: Այնտեղ հայրս իր սրճարանն ուներ, ես էլ իմը: Մի տարի էր, ինչ իմ գործն էի բացել, վերանորոգել էի սրճարանս ու սկսել աշխատել: Դրանից առաջ մեկ տարի Ֆրանսիայում՝ Վալանսում խոհարարություն եմ սովորել: Բայց պատերազմը սկսվեց, և ամեն ինչ կանգ առավ:

Սկզբում ամենադժվարն այն էր, որ ֆիզիկապես Երևանում գտնվելով հոգեպես այնտեղ էինք, մեր տանը, հարազատների, ընկերների հետ: Բայց կյանքն առաջ էր գնում, պիտի հարմարվեինք: Ամենակարևորը՝ ապահովության մեջ ենք: Մյուս կողմից՝ հանգիստ նստել էլ չի ստացվում, որովհետև ամեն օր վատ լուրեր ենք
լսում Սիրիայից:

Այստեղ գալուց ուղիղ երկու շաբաթ անց զգացի, որ Երևանում շատ յուրօրինակ մի բան կա՝ հայրենի հողիդ վրա ես, ամեն ինչ հարազատ է քեզ, այստեղի հացն ու ջուրն ես խմում ու երջանիկ ես: Նման զգացում դեռևս չէի ունեցել: Երեք ամիս առաջ հայրս մահացավ: Անհանգստությունն ու լարվածությունը սրեցին սրտի խնդիրները: Նրանց սերնդի համար ավելի դժվար է՝ մեկ օրում կորցրեցին 60 տարվա աշխատանքը, տունը, տեղը: Երբեք չէր ցանկանա թողնել ամեն ինչ ու հեռանալ, բայց այնտեղ մնալը բախտի հետ խաղ անելու նման էր՝ կամ կապրես, կամ կմահանաս:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով